Բաքվում ընթացող դատավարությանն օրերս անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի դատախազության ներկայացրած նյութերի վերլուծությունը վեր է հանել իրավական մի շարք լուրջ խնդիրներ:
«Համոզված եմ, որ մեղադրող կողմը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները»։
Բերմանի հայտարարություններն «Ազատություն» ռադիոկայանի և 1in TV-ի հետ զրույցներում մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը: Նա Բերմանի քայլն աննախադեպ է որակել՝ շեշտելով, որ Ադրբեջանում ոչ միայն անկախ լրագրողներն են ճնշվում, այլև իրավապաշտպաններն ու փաստաբանները։ Իրավապաշտպանի կարծիքով՝ Աբրահամ Բերմանն իր հայտարարության մեջ առաջնորդվել է իր վստահորդի շահերը ներկայացնելու նկատառումներով և մնացել է բացառապես մասնագիտական տիրույթում՝ փորձելով կանխել հնարավոր ճնշումներն ու հետապնդումներն իր նկատմամբ՝ պայմանավորված հենց մասնագիտական գործունեությամբ։ Սահակյանն ընդգծում է․ չնայած Բերմանը զերծ է մնացել կտրուկ ձևակերպումներից ու գնահատականներից, այդուհանդերձ, փաստում է՝ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որն անհիմն է։ Բերմանը շեշտել է անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքների, արդար դատաքննության, միջազգային պարտավորությունների, անհատական պատասխանատվության սկզբունքների կարևորությունը։
«Փաստաբանը մի կողմից շեշտադրել է մեղադրանքի սին, դատարկ, անհիմն լինելը, մյուս կողմից ցուցադրել է դատավարության գործընթացում արդար դատաքննության իրավունքի խախտումները: Բազմիցս բարձրաձայնվել է, որ պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից, օրինակ, մեղադրանքն ի սկզբանե ներկայացված չի եղել, տրամադրված չի եղել մեղադրական եզրակացությունը կամ թարգմանված չի եղել, կամ էլ առանձին հատվածներ են տրամադրվել, քրեական գործի նյութերին հասանելիությունն է սահմանափակվել՝ պետական գաղտնիք լինելու հիմնավորվածությամբ: Մենք տեսել ենք նաև, որ դատավարության շրջանակներում սահմանափակված է Ռուբեն Վարդանյանի և փաստաբանի շփումը», – «Ազատութան» հետ զրույցում նշել է Սիրանուշ Սահակյանը:
Վերջին նիստերին դատարանում ցուցմունքներ են տվել տուժող ու տուժողների իրավահաջորդ ներկայացվող մի շարք անձինք՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեքուկես ամիս զբաղեցրած ու ռազմական ոլորտը չհամակարգած Վարդանյանին մեղադրելով պատերազմական հանցագործությունների համար։ Վերջին դատական նիստին Վարդանյանը միջնորդել էր, որ իր ընտանիքին փոխանցվի մեղադրական եզրակացության կրկնօրինակը, ինչը սակայն դատարանը մերժել է։
Աբրահամ Բերմանը նշել է, որ քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ «Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը»-հայտարարել է փաստաբանը։
Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ խիստ մասնագիտական մոտեցում է ցուցաբերված հայտարարության մեջ, այն չի պարունակում ուղիղ քննադատություն ուղղված հանրային իշխանությանը։ «Հայտարարությունն այն մասին էր, որ մեղադրանքը զուրկ է որևէ հիմքից, իրականում չկան այնպիսի փաստեր, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ և որոնց համար կարող էր պատժելիություն վրա հասնել Ռուբեն Վարդանյանի պարագայում, այն արարքները, որոնք որակվում են որպես քրեական հանցագործություններ, յուրաքանչյուրիս գործունեության անխուսափելի մաս են կազմում և եթե այդ արարքները պետք է ստանան քրեաիրավական որակում, ապա դա կարող է սպառնալ յուրաքանչյուրիս», – ընդգծել է Սահակյանը։
Բերմանն իր հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև անհատական քրեական պատասխանատվությանը: Ադրբեջանում Արցախի անկախության հռչակումը որակում են որպես անթույլատրելի գործունեություն և փորձում են քրեաիրավական հետևանքներ առաջ բերել բոլոր այն հայերի համար, ովքեր որոշակի չափով, որոշակի ժամանակահատվածում մասնակցություն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարմանը․ «սա իրապես հակասում է կարևորագույն սկզբունքին՝ անհատական պատասխանատվությանը, և ստացվում է, որ ժողովրդի քվեով ինքնորոշված Արցախի օրինական գործունեության համար պատասխանատվության են կանչվում անհատներ, թեև ինքնուրույնաբար նրանք որևէ հանցավոր գործունեություն չեն իրականացրել։ Եվ այստեղ հետաքրքրական է, որ այն բարեգործական մարդասիրական գործունեությունը, որը ծավալվել է Արցախի չճանաչված Հանրապետությունում, ևս որակվում է որպես քրեորեն պատժելի արարք։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը մարդասիրական գործունեություն է իրականացրել Արցախում, կարող է քրեական սպառնալիքների ենթարկվել»։
Սիրանուշ Սահակյանը նկատում է․ «եթե առանձին գնահատում ենք Ռուբեն Վարդանյանի գործողությունները, ապա դրանք որևէ հանցակազմի ներքո տեղավորելի չեն, և սա է պատճառը, որ նաև քրեական մեղադրանքը չունի որոշակիություն և կոնկրետ հիմք, որը կապված է քրեական օրենսդրության հետ» ։
Աբրահամ Բերմանը հայտարարության մեջ անդարդարձել է նաև դատավարական խախտումներին՝ առանձնահատուկ կերպով շեշտադրելով պաշտպանության իրավունքի սահմանափակումների հարցը և խոսելով անմեղության կանխավարկածի մասին։
«Դատավարության ընթացքում քննարկման առարկա են դարձնում ոչ թե պարոն Վարդանյանի կոնկրե՛տ գործողություններ, այլ ընդհանուր իրավիճակ։ Օրինակ՝ չի վկայակոչվում, որ «կոնկրետ վայրում», «կոնկրետ ժամանակահատվածում» պարոն Վարդանյանը տվել է, օրինակ՝ այսինչ ապօրինի հրամանը կամ իր ներգրավվածությամբ որևէ անձ զրկվել է կյանքից, կամ ռազմական աջակցություն է ցուցաբերել այնպիսի միավորի, որը օրինական չէր կարող լինել», -նշում է Սիրանուշ Սահակյանը, ավելացնելով, որ ընդհանուր գործողությունների համար անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, պետք է դուրս բերվեն հստակ արարքներ, որոնք իրենց մեջ պարունակում են պատժելի գործողությունների տարրեր, և անձը կարող է մեղադրվել նման գործողություններ կատարելու համար։
Իրավապաշտպանի կարծիքով՝ նման հակասող և փաստական հենք չունեցող մեղադրանքներ վերագրվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս բանտարկված ներկայացուցիչներին։ «Այստեղ ունենք նույնական իրավիճակ: Այլ հարց է, որ Արցախի մյուս ղեկավարները ներկայացված են Ադրբեջանի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների միջոցով, իսկ այս փաստաբաններն առավելապես գրպանային փաստաբանություն են իրականացնում և իրենց գործողություններում փոխկապակցված են իրավապահ մարմինների հետ։ Նրանք որևէ կերպ չեն կարողանում արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, սրանով պայմանավորված, հրապարակային հայտարարություններով հանդես չեն գալիս, այս խնդիրները չեն բարձրաձայնում: Բայց, մեր գնահատմամբ, այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Վարդանյանի գործին, այլև ընդհանրական է մեր բոլոր հայրենակիցների դատավարությունների համար»։