Հայ պատանդների Բաքվում ընթացող դատավարությունները դեռ անհասանելի են մնում նաև միջազգային անկախ դիտորդների, փորձագետների ու դիվանագիտական ներկայացուցիչների համար: Նիստերին մասնակցել ցանկացողներն անգամ հետապնդումների են ենթարկվում: Թեմայի առնչությամբ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը պատասխանել է «Ազատության» հարցերին՝ չբացահայտելով, թե ովքեր կամ ինչ կազմակերպությունների անդամներ են Բաքվից մերժումներ ստացած ու հետապնդված անձինք։ Իրավապաշտպանը նրանց դարձյալ չթիրախավորելու միտումով է ձեռնպահ մնում անուններ հրապարակելուց, միևնույն ժամանակ չի բացառում՝ առաջիկայում հնարավոր է բացահայտումներ արվեն։
«Նրանց հարցաքննել են, ողջ շարժի ընթացքում հետևել են և տարբեր ուժային ահաբեկող մեթոդներով փորձել են վախեցնել անձին: Այստեղ ոչ միայն սովորական արգեքներ են ներկայացվում, այլ նաև հետապնդում հիշեցնող քայլեր են իրականացվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել հռչակված բաց դատավարություններին», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը, հավելելով, որ մարդիկ այնտեղ իրենց ցանկություններով գտնվելու հնարավորություն չունեն՝ ցուցակագրվում են նախապես, անունները համաձայնեցվում են ադրբեջանական պետական մարմինների կողմից, անձանց կողմից ստացված տեղեկատվությունը ամբողջովին վերահսկվում է պետության կողմից, և անկախ երրորդ անձինք զրկված են դատավարությանը ներկա գտնվելու հնարավորությունից:
Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող վերջին դատավարությունների ընթացքում պարբերաբար շեշտվում են Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների անունները։ Որպես վկաներ ներկայացվող անձինք հայերին մեղադրում են սպանությունների, խաղաղ բնակիչներին թիրախավորելու, տեղահանելու համար։ Դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ «Ազերթաջ»-ը նիստերից միայն կցկտուր տեղեկություններ է հրապարակում: Սահակյանն ասում է՝ դա փաստում է, որ Բաքուն փորձում է խմբագրումներով կեղծ, մտացածին դատավարությանը իրականության իմիտացիա տալ։
«Մեծ ժամանակային խզում կա, օրինակ՝ դատավարությունները ոչ թե անմիջականորեն են լուսաբանվում, այլ մեկ-երկու օր վերամշակվում են նյութերը, որից հետո պետության թույլտվությամբ նոր արտահոսք է տեղի ունենում: Եվ մենք ունեցանք թե՛ Ռուբեն Վարդանյանի և թե՛ Բաբայանի պարագայում ուղիղ խոսք՝ ընտանիքների միջոցով, առ այն, որ նրանց մտքերը ձևախեղվում են, և դատավարության ընթացքում հնչեցված հայտարարությունները ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կերպով են ներկայացվում հանրությանը: Սա, իմ գնահատմամբ, ադրբեջանական կեղծարարական քաղաքականության որոշակի դրսևորում է», – ընդգծել է Սիրանուշ Սահակյանը:
Ռուբեն Վարդանյանը, որն Արցախի պետնախարար է եղել ընդամենը երեքուկես ամիս ու երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Օրերս Վարդանյանի որդին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Նախկին պաշտոնյային Բաքվում սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ չնայած ԱՄՆ քաղաքականության փոփոխությանը, պետք չէ բացառել, որ Վաշինգտոնը կարող է ազդեցություն ունենալ Բաքվի վրա՝ գերիներին ազատ արձակելու հարցում։ «Ամերիկյան կողմը ունի բավարար ռեսուրսներ, և մենք կոնկրետ օրինակով էլ հասկացել ենք այդ ռեսուրսների արդյունավետությունը, օրինակ՝ 2022թ., երբ ագրեսիա տեղի ունեցավ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և գերեվարվեցին երեք տասնյակից ավելի հայ զինծառայողներ, ամերիկյան ջանքերի շնորհիվ նրանց ազատ արձակումը հնարավոր եղավ երկու շաբաթյա ժամանակահատվածում. սա աննախադեպ ցուցանիշ էր, և սա վկայում է, որ ամերիկյան, ադրբեջանական-ամերիկյան-թուրքական հարաբերություններում կան այնպիսի կենսական կոմպոնենտներ, որոնց առաջնահերթություն տալով հնարավոր է հասնել այլ բնույթի խնդիրների կարգավորման», – ասում է Սիրանուշ Սահակյանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության այժմ արդեն նախկին խորհրդականն էր Բաքվին կոչ արել ազատ արձակել հայ գերիներին։
Բաքվի «բաց» դատավարությունները փակ են միջազգային դիտորդների համար
Բաքվում գտնվող միջազգային անկախ հետազոտողի մուտքն արգելվել է Բաքվի Ռազմական դատարան: Այս մասին NEWS.am-ին տված հացազրույցում ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, Սիրանուշ Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանն ամեն անգամ ասում է, թե լսումները բաց են, բայց դատարանի շենքը խստագույնս վերահսկվում է և հետազոտողի մուտքն արգելվել է: «Նրան տեղեկացրել են, որ միան Գլխավոր դատախազության կամ Գերագույն դատարանի թույլտվությամբ է հնարավոր մուտք գործել տարածք, իսկ հետո Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում նա ենթարկվել է նաև հետապնդումների: Սա այն է, ինչ պետք է իմանալ Բաքվում իրականացվող «բաց դատավարությունների» մասին»,- ասել է Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանը հավելել է նաև, որ ստացվել են նաև տեղեկություններ միջազգային անհատ իրավապաշտպաններից և ՀԿ-ների ներկայացուցիչներից, որոնք պաշտոնապես դիմել են Ադրբեջանին՝ նիստերին մասնակցելու թույլտվություն ստանալու և երկիր մուտք գործելու համար, բայց նրանց դիմումները չեն բավարարվել:
«Բաքվում հավատարմագրված դիվանագետներին ևս չի հաջողվել ներկա գտնվել նիստերին, թեև դրա համար նրանք պաշտոնական ընթացակարգերին համապատասխան դիմումներ են ներկայացրել: Ադրբեջանական օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց դռնբաց դատավարություններին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ցանկացող: Մենք իրականում գործ ունենք իրավիճակի հետ, երբ իրենք իրենց իսկ օրենքը չեն հարգում»,- ընդգծել է իրավապաշտպանը՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվից դուրս բերման պահանջի առնչությամբ, որն ըստ նրա, մեծ խնդիրներ է առաջացնելու հայ գերիների համար: «Տեղեկություն ունեմ, որ արդեն երկու ամիս է, ինչ Կարմիր Խաչին չի հաջողվում այցելել ազատազրկման դատապարտված որոշ հայ գերիների: Մենք չգիտենք, սա տեխնիկան հարց է, թե պայմանվորված է երկրում Կարմիր խաչի գործունեությունը դադարեցնելու մասին ծանուցմամբ, և արդեն իսկ սկսվել են սահմանափակումները»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս տեղեկությունները պարբերաբար ներկայացնում են միջազգային կազմակերպություններին:
Բաքվում միջազգային հետազոտողին փորձել են ահաբեկել հայ պատանդների դատին գտնվելու համար
Միջազգային անկախ հետազոտողը փորձել է մտնել Բաքվի դատարանի շենք, որպեսզի ներկա գտնվի հայ ռազմագերիների դատավարությանը և հոդված պատրաստի։ Բաքվի հատուկ ծառայությունները անկախ հետազոտողին փորձել են ահաբեկել, երբ պարզել են, թե նա ինչի համար է փորձում դատարան մտնել։ Թեմայի առնչությամբ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը պատասխանել է 5-րդ ալիքի «Հայլուր» ծրագրի հարցերին։ Իրավապաշտպանի խոսքով՝ հետազոտողը Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում ենթարկվել է հետապնդումների։
«Հետազոտողին մեծ դժվարությամբ է հաջողվել գտնել դատական շենքը, սակայն մուտքը արգելափակվել է», -ընդգծել է Սահակյանը, հավելելով, որ հետազոտողը չի ներկայացնում հայ գերիների շահերը, նրանց հետ առնչություն չունի, ներկա էր գտնվելու դատին որպես անկախ դիտորդ, հետագայում փաստերը իր սեփական հոդվածներում շարադրելու համար։
Բաքվի ռազմական դատարանի շենք չեն կարողացել մտնել նույնիսկ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, դիվանագետները․ «այստեղ օրենքը, բնականաբար, համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին, և պարզապես օրենքը չի հարգվում։ Իսկ միջազգային ստանդարտները նշում են, որ հրապարակային դռնբաց դատական նիստերին հասարակության յուրաքանչյուր անդամ ներկա գտնվելու իրավունք ունի»։
Բաքուն խստացրել է հայ ռազմագերիների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի կազմակերպումը։ Սահակյանը տեղեիրակացրել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Կարմիր խաչի աշխատակիցները չեն կարողանում այցելել Բաքվում ազատազրկման դատապարտված ռազմագերիներին։ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ այս խոչընդոտների պատճառը խոշտանգումների և վատ վերաբերմունքի հետքերը թաքցնելն է։ Նա նաև նշում է, որ վերջին շրջանում հաճախակիացել են հանկարծամահության դեպքերը ռազմագերիների և անհետ կորածների ընտանիքներում, ինչը վկայում է տևական անորոշության և սթրեսի հետևանքով առաջացած հոգեկան տառապանքի մասին։