«Հայաստանը կարող է երրորդ երկրի միջոցով կազմակերպել այցելությունները գերիներին». Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական պատանդների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, հաշվի առնելով այն փաստը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այլևս գործունեություն չի ծավալելու Ադրբեջանում։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ReOpen Media-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, կարող է դիմել չեզոք միջնորդ երկրի՝ գերիների այցելությունների իրավունքն իրացնելու նպատակով։

«Այն պետությունը, ում քաղաքացիները գտնվում են անազատության մեջ, սակայն չունի դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ համապատասխան երկրի հետ, կարող է դիմել որևէ չեզոք երկրի, որը հավատարմագրված է, և խնդրել իր անունից իրացնել այդ իրավունքը», — պարզաբանում է Սահակյանը, նշելով, որ սա միջազգային իրավունքով ամրագրված «իրավունքի պատվիրակման» սկզբունքն է։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը խոչընդոտի այս գործընթացին, ապա կխախտի ինչպես Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքները, այնպես էլ հայ գերիների՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները։

Սահակյանը նաև ընդգծել է, որ ներկայում որոշակի տեղեկատվություն գերիների մասին տարածվում է հենց ադրբեջանական կողմից, սակայն դա չի կարող համարվել վստահելի, կամ փոխարինող՝ անկախ դիտարկումներին։

«Տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի իշխանությունը, ինչը կարող է կեղծված, փոփոխված լինել։ Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում մենք ունենք անկախ անձինք, որոնք սեփական աչքերով տեսնում և իրենց անկողմնակալ, օբյեկտիվ դիտարկումներն են ներկայացնում խնդրի վերաբերյալ», — նշել է իրավապաշտպանը: