Հայաստանը Բաքվում պահվող գերիների հարցով կդիմի՞ երրորդ երկրի․ վակուում՝ Ադրբեջանում Կարմիր Խաչը փակելուց հետո

2020-ի պատերազմից հետո հայրենադարձվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված շուրջ 210 անձ։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է պահվում 23 հայ ռազմագերի, որոնցից 16-ի հանդեպ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում են դատավարությունները, որոնց ընթացքում, ըստ միջազգային իրավունքի մասնագետների, չեն պահպանվում դատավարությունների միջազգային չափանիշները։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին առնչվող նոր խնդիրն այն է, որ հունիսից նրանք հայտնվել են ամբողջական մեկուսացման մեջ։ Միակ կազմակերպությունը, որը պարբերաբար կարողանում էր նրանց տեսակցել, հետևել  պահման պայմաններին, առողջական և հոգեբանական վիճակին,  նաև ապահովել նրանց կարճատև կապը ընտանիքների հետ, Միջազգային Կարմիր Խաչն էր, որը, պաշտոնական Բաքվի որոշմամբ, դադարել է աշխատել այդ երկրի տարածքում։ Միջազգային իրավունքը, սակայն, հուշում է, որ անգամ այդ պայմաններում կան հնարավոր լուծումներ։

Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիներին վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապը ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին՝ Միջազգային Կարմիր Խաչի միջոցով։ Դրանից հետո կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքը Ադրբեջանում՝ այդ երկրի ղեկավարության պահանջով։  

Բաքվում պահվող հայ գերիների ամբողջական մեկուսացումը կանխելու համար այս պահին միջազգային իրավունքի մասնագետները մատնանշում են մեկ  մեխանիզմ՝ «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու հնարավորությունը։

Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասում է, որ սա միջազգային իրավունքում ընդունված գործիք է, երբ ցանկացած պետություն կարող է իր քաղաքացուն տեսակցել այլ երկրում, եթե վերջինս զրկված է ազատությունից։ 

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը այս իրավունքի կրող է և ունի երաշխավորված իրավունք՝ տեսակցելու Ադրբեջանում քրեական հետապնդման ենթարկվող իր քաղաքացիներին, սակայն կա խոչընդոտ այն առումով, որ չկան հայ–ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններ, չկա ներկայացուցչություն, որի աշխատակիցը կարողանա այդ այցելությունը կազմակերպել։ Բայց կա դրա փոխարինող միջոցը, երբ պետությունը պատվիրակում է իր իրավունքը այնտեղ հավատարմագրված չեզոք 3-րդ երկրի և․ փոխադարձ համաձայնությամբ․ պետության փոխարեն այս այցելությունները իրականացնում է 3-րդ պետությունը։ Կարծում եմ, որ կարևոր է այս խնդրի լուծումը, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի չեզոք երկրների և փորձի ապահովել հյուպատոսական այցելությունը 3-րդ երկրների միջոցով»։

Մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին հյուպատոսական օժանդակություն տրամադրել՝ համաձայն «Դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին» Վիեննայի զույգ Կոնվենցիաների։ Այս մասին իր տեղեկությունները Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքագիտության թեկնածու Գևորգ Ղուկասյանը  փոխանցել է 1in.am–ի հետ զրույցում։

«Եթե որևէ անձ դատապարտվում է մի երկրում, որտեղ իր պետությունը չունի դիվանագիտական ներկայություն, այդ դեպքում իր պատկան պետությունը կարող է դիմել 3-րդ կողմի իր քաղաքացիների համար հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար։ Որքանով ես տեղյակ եմ, Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է առաջացել, որ նման խնդրով Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի շվեյցարական կառավարությանը` հայ ռազմագերիներին հյուպատոսական օժանդակություն տրամադրելու համար, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի իրականացրել։ Մի օրինակ, որը այլևս գաղտնի չէ, բայց կան նաև այլ երկրներ, որոնց անունը չեմ ուզում հնչեցնել»։

Այս հայտարարության շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ռադիոլուր»–ը դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը, որտեղից խոստացել են պատասխանել գրավոր հարցմանը։

Իսկ մինչև պարզվի, թե միջազգային իրավունքի ինչ մեխանիզմներ է պատրաստ կիրառել Հայաստանը՝ Ադրբեջանում պահվող գերիների տեսակցություններն ապահովելու համար, 23 գերիներից 16-ի վիճակի մասին հանրությունը կարող է որոշակի պատկերացում կազմել բացառապես Բաքվում ընթացող դատավարություններից հրապարակվող կադրերով։ Անգամ դրանց միջոցով կարելի է եզրակացություն անել հայ գերիների հյուծված վիճակի, որոշ դեպքերում էլ առողջական խնդիրների մասին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական նիստերն ընթանում են այս տարվա հունվարի 17–ից։ Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 31–ին։

Բաքվի դատավարությունները հրապարակավ ներկայացնելը, բացի ցուցադրական նպատակներից, ունի նաև միջազգային պատասխանատվությունից խուսափելու նպատակ՝ համոզված է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Բոլոր հայերը դատավարությունների մաս են դարձել, և սա, կարծում եմ, ունի հստակ բացատրություն․ գերիների ազատ արձակումը պարտականություն է, պետության պարտավորություն է, և եթե անհարկի ձգձգումներ են տեղի ունենում, սա նաև միջազգային հանցագործություն է։ Դատավարությունները, բացի այլ նպատակներ ունենալուց, մեր գնահատմամբ, քողարկում են նաև հանցագործություններ։ Այսինքն` երբ Ադրբեջանը փորձում է դատավարությունների առիթը օգտագործել և ցույց տալ, որ ոչ թե անհարկի չի հայրենադարձում, այլ այս անձինք դատավարությունների մաս են, իրավական գործընթացի մաս են, դրա համար պահվում են Ադրբեջանում, փորձում է ապահովագրվել այդ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից»։

Այս պահին Ադրբեջանում պահվող 23 գերիներից 16-ի գործերով դատական լսումներն ընթանում են երկու տարբեր դատավարությունների շրջանակում։ Դրանցից  մեկով առանձին անցնում է Ռուբեն Վարդանյանը, մյուսով անցնում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 7 պաշտոնյա և 8 անձինք, որոնք անմիջականորեն մասնակից են եղել ռազմական գործողությունների։

Մյուս ռազմագերիներն արդեն դատապարտվել են 15-20 տարվա ազատազրկման։   

Ադրբեջանի գործողությունները միայն այս հարցում արդեն պարունակում են պատերազմական հանցագործություններ՝ ընդգծում էՍիրանուշ Սահակյանը և մասնավորեցնում՝ կան դեպքեր, երբ գերիները, լինելով միջազգային պաշտպանության տակ գտնվող անձինք, դարձել են հանցագործությունների զոհ, նրանց սպանել են։ Նաև իսկությունը հաստատված տեսանյութեր են շրջանառվել, որ առանձին դեպքերում նրանք ցուցադրական խմբային  մահապատիժների են ենթարկվել։ Կա նաև խախտումների մեկ այլ խումբ, ըստ Սիրանուշ Սահակյանի․

«Ունենք, ցավոք, դեպքեր, երբ գերիները ենթարկվել են բռնի անհետացման, այս պահին մենք չգիտենք՝ նրանք ո՞ղջ են, մահացա՞ծ են։ Ունենք փաստական տվյալներ, որ հայտնվել են գերեվարման մեջ, կարճ ժամանակահատված զրկված են եղել ազատությունից, սակայն հետագայում անհետացել են։ Ի՞նչ պայմաններում, ի՞նչ հանգամանքներում,  անորոշ է։ Այս առնչությամբ բազմաթիվ հարցումներ անում են ՄԱԿ–ի հովանու ներքո գործող աշխատանքային խմբերը։ Եվրոպական դատարանը ևս հարցումներ է իրականացնում, բայց նրանց ճակատագրերի պարզման ուղղությամբ ջանքերը խիստ անբավարար են, և դեռ հնարավոր չէ պարզել իրականությունը, այսինքն` ճշմարտության իրավունքը դեռ ապահովված չէ ընտանիքների համար»։

Հուլիսի 16–ի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը վստահեցրել էր, որ չկա հայ–ադրբեջանական մի բանակցություն, որին անտեսված լինի հայ գերիների խնդիրը։  

«Չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ մոտեցում։ Չկա, ուղղակի էդպիսի բան չկա»։

Փաշինյանը սա ասել է բոլոր հնարավոր դեպքերի մասին՝ չմեկնաբանելով հրապարակումներն այն մասին, թե հայ գերիների հարցով հրաժարվել է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ասել էր, որ չգիտի՝ ինչ հրապարակումներ են, չի տեսել դրանք, հետևաբար չի մեկնաբանի այն, ինչ չգիտի։

Լենա Բադեյան / Հայաստանի Հանրային Ռադիո