«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Տիկի՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում բանաձևը, ու ի՞նչ արդյունքներ է ապահովելու այն, թե՞ լինելու է հերթական բանաձևը, որը մնալու է թղթի վրա:
– Նախ, այո՛, պետք է հասկանալ փաստաթղթի բնույթը, այն բանաձև է: Բանաձևերը ձևավորում են միջազգային իրավունքի փափուկ իրավունքը, ինչը նշանակում է, որ դրանք իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն ապահովված են քաղաքական ու բարոյական ուժով, այսինքն՝ այդ կառույցը ձևավորում է քաղաքական դիրքորոշում կոնկրետ խնդրի շուրջ, ու դա ապահովում է նաև քվեարկությանը մասնակցած պետությունների քաղաքական աջակցությունը:
Սա կարևորագույն մարմին է, և այս բանաձևերը հետագայում հանգեցնում են քաղաքական ազդեցության առաջացման, դրանց մեծացման ու ներգործության ընդունելի ձևեր են, դրա համար ես կարևորում եմ, եթե անգամ այդ բանաձևերի դրույթները անմիջապես կյանքի չկոչվեն, դրանք թողնում են քաղաքական հետևանքներ, ու այդ հետևանքներն անընդհատ են, քանի դեռ այդ բանաձևերի պահանջները ի կատար չեն ածվել:
Հասկանալի է, որ դա ազդեցություն է ունենալու Ադրբեջան-միջազգային կառույց փոխհարաբերություններում, նրանց հարաբերությունների կառուցման ու հետագա զարգացման տեսլականում մեծ նշանակություն ունի, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում այդ կառույցի փաստաթղթերի, այդ թվում՝ բանաձևերի նկատմամբ:
Ու ինչն էր կարևոր, որ այս բանաձևն ուներ այլ հասցեատերեր. եթե Ադրբեջանը, օրինակ՝ չի ցանկանում համագործակցել ու ազատ չի արձակում գերիներին, միևնույն է, մենք այս բանաձևում ունենք կոչ ԵՄ-ին ու այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ապահովել դիվանագիտական ջանքեր ու դրանց շնորհիվ դիտարկել հայ պատանդների վիճակը:
Այստեղ նաև կար կոչ՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ հետաքննելու բռնի տեղահանության ու այլ հանցագործությունների առնչությամբ, որոնք տեղի են ունեցել, այստեղ կոչ կար նաև Քաղխորհրդին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն թիրախավորված պատժատեսակները, հատուկ ընդգծեմ, որ սա ոչ թե պատժամիջոցների կիրառման կոչ էր պետության հանդեպ, այլ՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ինչն արդեն սպառնալիքներ է ձևավորում կոնկրետ պաշտոնյաների հետ կապված ու կարող է վարքագծային փոփոխություններ առաջ բերել: Խիստ կարևոր է, որ բոլոր հասցեատերերը հետևողական լինեն ու ժամանակին ի կատար ածեն այս բանաձևի դրույթները: Դրական է, որ այս բանաձևի միակ հասցեատերը Ադրբեջանը չէ:
– Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքներն ավարտված են, որ չհամաձայնեցված այն երկու կետը ևս համաձայնեցվել է, սա ենթադրում է, որ միջազգային ատյաններում ունեցած հայցերից Հայաստանը հրաժարվելու է: Դա որքանո՞վ է խանգարելու նմանատիպ բանաձևերի, կոչերի հետագայում կյանքի կոչմանը:
– Հայկական կողմի դիրքավորումը կառուցողական երկխոսության առնչությամբ, ըստ էության, զսպող գործոն է, որի պարագայում միջազգային գործընկերները ձեռնամուխ չեն լինում կոշտ գործիքների օգտագործմանը, ինչպիսիք կարող է լինել, օրինակ՝ ըստ երկրների պատժամիջոցների կիրառումը կամ Ադրբեջանի հետ իրենց բազմաթիվ հարաբերությունների սառեցումը, վերանայումը, ու սա կարծես թե արդարացնում է միջազգային դերակատարների չեզոք կամ զուսպ գործելակերպը:
Միջպետական գանգատներից հրաժարումն այլ խնդիրներ է առաջ բերում. նախ՝ Հայաստանը կարող է հրաժարվել, եթե միջպետական գանգատներով դրված խնդիրների մի մասը լուծումներ ստանար, բայց մենք տեսնում ենք, որ նման իրադրության փոփոխություններ չկան, ու անգամ մասնակի այդ պահանջներն իրենց բավարարումը չեն ստանում: Հրաժարման պարագայում այդ խաղաղության պայմանագիրը չի կարող երաշխիքներ ստեղծել պարտավորությունների երկկողմանի կատարման համար, մենք ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինակն այդ առումով: Այս ճանապարհով հրաժարումը Հայաստանի համար ստեղծելու է նոր անվտանգային ու այլ սպառնալիքներ:
– Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, իր ուղերձում ասել է, որ մի քանի նպատակով էր սկսել այն, որոնցից մեկ լայն հասարակության ուշադրությունը հրավիրելն էր այդ ապօրինի դատավարության վրա: Ծառայե՞ց հացադուլն այդ նպատակին, ու ինչպե՞ս եք գնահատում այն դադարեցնելու որոշումը:
– Շատ խոհեմ որոշում է: Հացադուլը՝ որպես բողոքի արտահայտման միջոց, այո՛, ընդունելի է, ու այն, այո՛, ծառայեց իր նպատակին՝ հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածում մենք ունեցանք ինտենսիվ ճնշումներ, նոր զարգացումներ, նոր հայտարարություններ, այսինքն՝ քննարկումներն այս հարցի շուրջ ավելի թեժ էին՝ ի համեմատություն մինչև Վարդանյանի հացադուլը: Ըստ արդյունքի էլ կարող ենք չափել ու հաստատել, որ այն որոշակի չափով ծառայել է նպատակին:
– Տիկի՛ն Սահակյան, մտավախություն ունե՞ք, որ հացադուլից հետո հարցի նկատմամբ ուշադրությունը լինելու է նախկինի պես:
– Չեմ կարծում, իհարկե պետք է շարունակել խնդիրը պահել ուշադրության ներքո, շարունակաբար դիտարկել, դուրս բերել խնդիրները ու դրանց մասին տեղյակ պահել միջազգային դերակատարների՝ ակնկալելով նրանց ակտիվ միջամտությունը: