Հայ գերիների հարցը ցանկության և կամքի պարագայում լուծելի է նաև ԱՄՆ կառավարության, մասնավորապես՝ նախագահի ջանքերով

Ադրբեջանում ընթացող դատավարությունները նպատակ ունեն պահպանել և խորացնել թշնամանքը հայերի դեմ: Դատավարության խնդիրներից են նաև փաստաթղթերի կեղծումը: Բոլոր միջնորդությունները մերժվում են, անմեղության կանխավարկածն անընդմեջ ոտնահարվում է թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ լրատվամիջոցների, և թե՛ հասարակության մյուս անդամների կողմից, ինչպես նաև ապահովված չէ արդյունավետ պաշտպանության իրավունքը։ «Սպուտնիկ Արմնեիայի» հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանն անրադարձել է հայ գերիների դատավարություններին և նրանց ճակատագրին, խոսել հայրենադարձմանը ամերիկյան կողմի հնարավոր արդյունավետ ներգրավվածության և այս հարցում Հայաստանի կառավարության անելիքների մասին։

Բացի Ռուբեն Վարդանյանից, Բաքվում պահվող մյուս հայերը ներկայացվում են Ադրբեջանի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների կողմից։ Սահակյանի համոզմամբ՝ այդ գրասենյակը գրպանային փաստաբանություն է իրականացնում: Ըստ Սահակյանի՝ «միջազգային կառույցների ուշադրությունից սա չի վրիպել: Կան բազմաթիվ զեկույցներ, որոնց համաձայն՝ անկախ փաստաբաններ Ադրբեջանում գրեթե գոյություն չունեն։ Նրանք սպասարկում են իրավապահ մարմիններին և իրականում վստահորդների շահերը չեն ներկայացնում»։  

Ցուցմունքները կորզվում են խոշտանգումների հարկադրանքի ներքո, ընդ որում, խոսքը ոչ միայն ամբաստանյալների, մեղադրյալների, այլ նաև որպես տուժող կամ որպես վկա հանդես եկող անձանց մասին է։ Սահակյանի համոզմամբ՝ «հատուկ ծառայությունների կողմից պատրաստվել են կադրեր, որոնք իրադարձությունների մասնակից և ականատես չլինելով, դատարանում հանդես են գալիս որպես տուժողներ, արհեստականորեն ցուցադրելով պատճառված վնաս կամ իրենց դեմ ուղղված որոշակի արարքներ: Բայց ակնհայտ է, որ այս անձինք որևէ առնչություն չունեն մեղադրյալների կամ նրանց վերագրվող գործողությունների հետ: Նրանք, պատկերավոր ասած, «նշանակվել» են տուժողներ, այլ ոչ թե իրական տուժողներ են»։ Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրությունը որոշակի չափով արձագանքել է այս զարգացումներին, պահանջելով դիտորդների ներկայություն և հրապարակային, թափանցիկ դատավարությունների իրականացում: Միայն այդպիսի պայմաններում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել անձանց արարքների մասին: Բայց Ադրբեջանն անտեսել է միջազգային այդ կոչը, և դատավարությունները մեկնարկել ու ընթանում են առանց միջազգային ներկայության։

Վերջին՝ մոտ 5 ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը վստահեցրել էր, որ բոլոր բանակցություններում Բաքվում պահվող հայ գերիների հարցին պատշաճ ուշադրություն է ցուցաբերվում։  Մինչդեռ վերջին շրջանում մամուլը, վկայակոչելով Ռուբեն Վարդանյանի փաստաբանին, գրել էր, որ Փաշինյանը մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, ըստ որի՝ Թրամփը պետք է միջամտեր Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին։

Հարցի լուծման կարևոր օրինակ Սահակյանը համարում է 2020 թվականին Հայաստանի տարածքից գերեվարված շուրջ 30 անձանց վերադարձնելու փաստը։ ԱՄՆ կառավարությունը հանձնառեց այս անձանց ազատ արձակումը, նաև կարևորելով այն հանգամանքը, որ ագրեսիա էր տեղի ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, և անձինք գերեվարվել էին ՀՀ սուվերեն տարածքից։ Պահանջվեց ընդամենը 2 շաբաթ, որպեսզի ամերիկյան ջանքերով հայ գերիները վերադառնան իրենց ընտանիքներին։ «Ես ևս ունեմ համոզմունք, որ խնդիրը, ցանկության և համապատասխան կամքի պարագայում, լուծելի է նաև ԱՄՆ կառավարության, մասնավորապես՝ նախագահի ջանքերով, և Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հրապարակային տեսակետ էր արտահայտել, ըստ որի՝ որ ցանկալի կլինի, որ Փաշինյանը մասնավոր տարբերակով կամ հրապարակային նամակ հղի նախագահ Թրամփին՝ խնդրելով անմիջական ներգրավվածություն հայ գերիների վերադարձին: Մամուլը, թերևս, մի փոքր տարակերպ մեկնաբանեց դեռևս ամիսներ առաջ հրապարակված այս հարցազրույցը, և դա ընկալվեց այնպես, թե Փաշինյանը հրաժարվում է նամակ ուղարկել, թեև Թրամփն է անձամբ նշել, որ հարցին ընթացք տալու համար կարևոր է նամակի գոյությունը»։

Հարցազրույցի ընթացքում Սահակյանը մի քանի փաստ է արձանագրել․ նախ՝ նման նամակը պետության գործադիր իշխանությունից խիստ կարևոր է, որպեսզի ապահովվի ԱՄՆ նախագահի ներգրավվածությունը խնդրի լուծմանը: Դիվանագիտական տեսանկյունից՝ պետության գործելակերպը շատ կարևոր ազդակ է, և, առանց պետության միջամտության, խնդրի լրջությունն այլ կերպ է ընկալվում տարբեր պետությունների միջազգային գործընկերների կողմից։ Չկա արձանագրված փաստ, որ նմանաբնույթ նամակ, առնվազն հրապարակային, ներկայացվել է Թրամփին։ 3-րդ արձանագրումը․ խնդիրը կարող է լուծվել ԱՄՆ ջանքերով․ «Ես իհարկե չեմ բացառում այլ դերակատարների ներուժը այս խնդիրը լուծելու հարցում։ Այդպիսին կարող է լինել թե՛ ռուսական կողմը, թե՛ Եվրոպական միությունը, բայց քանի որ հարցը քննարկվում է ԱՄՆ համատեքստում, գործնականորեն իրատեսական եմ համարում այս խնդրի լուծումը ԱՄՆ ներգրավվածության շնորհիվ»-նշել է Սահակյանը:

Մատնանշվում է մի կարևոր խնդիր ևս, որի չլուծված լինելը նույնպես քաղաքական կամքի ցուցանիշ է․ յուրաքանչյուր պետություն ունի սուվերեն իրավունք տեսակցելու այլ պետությունում անազատության մեջ գտնվող իր քաղաքացուն։ «Հիմա չկա որևէ ողջամիտ բացատրություն, թե 2020թ․ պատերազմի ընթացքում գերեվարված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը, նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ, դեռևս պահվում է Ադրբեջանում, ինչու՞ տեսակցություններ չի ունենում իր քաղաքացիության երկրի ներկայացուցչի կամ նրանց միջոցով պատվիրակված 3-րդ պետության ներկայացուցչի կողմից»։

Խոսելով դատական ակտերի մասին՝ Սահակյանը շեշտել է, որ դրանք ոչ միայն դատապարտում են կոնկրետ անձանց, այլ նաև Արցախի ինքնորոշման իրավունքը, հաստատում են Հայաստանի ներգրավվածությամբ գործողությունների կատարումը, ինչով Ադրբեջանը ցուցադրում է, որ Հայաստանը եղել է օկուպանտ երկիր, որ ոչ թե գոյություն է ունեցել ազգերի ինքնորոշման իրավունք, այլ եղել է «ագրեսիվ Հայաստան», որը «զավթել է» ադրբեջանական տարածքներ և այդ տարածքներում իր ինքնիշխանությունը պահպանելու նպատակով ներմուծել է դրածո խամաճիկային իշխանություններ, որոնք «ինքնահռչակվելով» ինքնորոշման իրավունքի ներքո, պահպանել են Հայաստանի սուվերենությունն «ադրբեջանական տարածքներում»։ Ըստ Սահակյանի՝ «սա ամբողջովին կեղծում է իրադարձությունները, դրանց իրական իրավական գնահատականը, միևնույն ժամանակ նաև նախադրյալներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության պատասխանատվության համար»։

Հարցազրույցի ավարտին խոսվել է նաև Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով անհետ կորած 21, իսկ որոշ տվյալներով՝ 22 անձի ճակատագրի մասին։ Կասկած կա, որ նրանք ևս գերության մեջ են։ Սահակյանի խոսքով՝ նրանց գերեվարված լինելու հանգամանքի վերաբերյալ ստուգված տեղեկություններ չկան և այս պահին նրանք, իրավական տեսանկյունից, ունեն անհետ կորածի կարգավիճակ։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» փաստահավաք գործունեություն է իրականացրել, և կա հրապարակված զեկույց, որը նաև ուղարկել ենք միջազգային կառույցներին։ Ըստ էության, անհետ կորածների ճակատագրերը պարզելու ջանքերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև ա՛յս խմբի անհետացման հանգամանքները հստակեցնելու նպատակով: Բայց այստեղ մենք չունենք հստակ ապացույցներ: Նրանց գերեվարումը հաստատելու առումով հավանականությունները հավասար են: Այսինքն՝ կա հավանականություն, որ խոցելի վիճակում գտնվելով, նրանց գերեվարել են, բայց նույնքան հավանական է, որ պայթյունի հետևանքով նրանք զոհվել են, պարզապես ոչ արդյունավետ որոնողական գործողությունների հետևանքով հնարավոր չի եղել հայտնաբերել մասունքները և կատարել նույնականացում, և այս խմբի առնչությամբ ամբողջովին կիրառելի են անհետ կորածների որոնմանն առնչվող իրավական ռեժիմները և ստանդարտները։