Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին։ Կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այդ այցելությունը վերջինն է և իրենց գործունեության դադարեցման պայմաններում իրենց կողմից այցելություններ այլևս հնարավոր չեն։
168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանն ընգդծել է, որ գրասենյակի փակումը չպետք է ենթադրեր այցելությունների դադարեցում։
Ի՞նչ է սպասվելու Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո: Ո՞վ պետք է այցելի նրանց և տեղեկատվություն փոխանցի պահման պայմանների և առողջական վիճակի մասին։ «Տարբեր երկրներ առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերում Կարմիր խաչի հետ և այլ տարածաշրջանների գրասենյակներին հնարավորություն են տալիս կազմակերպելու այցելություններ։ Կարծես թե սրա մասին խոսեցին նաև գործադիր մարմնի ներկայացուցիչներ, նշելով, որ բացառված չէ տարածաշրջանի այլ գրասենյակների ներկայացուցիչների այցելություն։ Սակայն դինամիկան տեսնելով, հասկանում ենք, որ Ադրբեջանը նախ անբարեխիղճ է՝ գրասենյակի գործունեությունը չերկարաձգելու տեսանկյունից։ Եվ այդ անբարեխղճության պայմաններում նաև ցանկություն չունի ապահովել այլ երկրների գրասենյակների մուտքը, ինչը նշանակում է, որ նպատակը հայերին բացարձակ մեկուսացվածության մեջ պահելն է»,- նշել է Սիրանուշ Սահակյանը, հավելելով, որ հայերին մեկուսացնելը չի կարող ինքնանպատակ լինել․ բացարձակ մեկուսացվածությունն անհրաժեշտ է ադրբեջանական իշխանություններին, որոնք խոշտանգումների սիստեմատիկ հանցագործություններ են իրականացնում և քողարկում այդ հանցագործության հետքերը։ Արտաքին աշխարհից ամբողջովին կտրված անազատությունն ինքնին խոսում է խոշտանգումների ռիսկերի և դրանք թաքցնելու պրակտիկայի մասին։
Բացարձակ մեկուսացվածության պայմաներում Ադրբեջանը ոչ թե փորձում է ապահովել համանման այլ մանդատ ունեցող կառույցների ֆիզիկական ներկայացվածությունը, այլ իբր փոխարինող, մտացածին մեխանիզմ է փորձում ներդնել՝ այդ վակուումը բացառելու նպատակով։ Իրավապաշտպանը նշում է, որ վերջերս տեղեկացել են, որ խոշտանգումների դեմ ինչ-որ կոմիտե այցելել է հայ պատանդներին։ «Այն միջազգային կոմիտե չէ, նրանք միտումնավոր կրկնում են այդ անվանումը՝ ցույց տալու համար, որ խոշտանգումների դեմ պայքարի մեխանիզմները կան և գործում են: Սակայն դա ոչ թե միջազգայնորեն ճանաչված անկախ, այլ Ադրբեջանում ներդրված մեխանիզմ է, որի նպատակն է տպավորություն ստեղծել, թե Կարմիր խաչին փոխարինող մեխանիզմ է ստեղծվել։ Առանց անկախության այն չի կարող խոշտանգումների դեմ պայքար իրականացնել։ Նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը տևական գործունեության փորձ և միջազգային ներգրավվածություն ունի, չի կարող խաբել կամ համոզել միջազգային հանրությանը, որ անկախության պայմաններում է գործունեություն իրականացնում։ Այս համատեքստում զավեշտ է մտածել, թե այդ մեխանիզմը կարող է փոխարինել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը»,- հավելել է Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ՝ հարցի ամենաիրական լուծումն, այս պահին, հյուպատոսական այցելությունն է՝ Հայաստանի պատվիրակմամբ այլ երկրի հյուպատոսական ծառայողի կողմից։ Նրա խոսքով՝ այս հնարավորությունների մասին ՀՀ իշխանությունը տեղյակ է։ Դրա առնչությամբ հրապարակային խնդրանք-դիմում են ուղղել նաև ՀՀ արտաքին գերատեսչությանը։ Սակայն այս պահին գերատեսչությունից որևէ հաստատում չունեն, որ արտգործնախարարությունը ջանքեր է գործադրել որևէ չեզոք երկրի նման խնդրանքով դիմելու համար, կամ, որ դիմումին հաջորդել է մերժումը։ «Այս ամենից ելնելով, կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Բաքվում պահվող պատանդների մեկուսացվածությունը բացառելու և հյուպատոսական այցելությունների իրավունքը պատվիրակելով՝ հայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»։
Ինչ վերաբերում է խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից ունեցած սպասելիքներին և առհասարակ նրանց քայլերին, Սիրանուշ Սահակյանը նշում է, որ միջազգային կազմակերպություններից դրական ակնկալիքներ ունեն, պարզապես այդ կառույցների գործունեությունը հնարավոր չէ՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության։ Որպեսզի այդ կառույցները ֆիզիկապես մուտք գործեն Ադրբեջան և կարողանան գտնվել փակ հաստատություններում, որտեղ գործում են ռեժիմային կանոններ, նրանք պետք է արտոնություն ստանան պետական մարմինների կողմից։
«Օրինակ, գործում է խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտե, գործում են ենթակոմիտեներ, կա խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող։ Բայց այդ բոլորը մարմինները Բաքվում փաստացի գործունեություն կարող են ծավալել Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալուց հետո միայն։ Մենք դեռևս նախորդ տարվա հրապարակային հայտարարությունից գիտենք, որ Ադրբեջանը սահմանափակում է խոշտանգումների դեմ կոմիտեի գործունեությունը և խոչընդոտներ է առաջացնում, և որ համագործակցելու միջոցները սպառվել են։ Այդ մարմիններն առնվազն կապը պահում են երկրի հետ և պլանավորվող այցելություններում նախատեսում են նաև այց Ադրբեջան։ Սակայն մենք չունենք որևէ տեղեկատվություն, որ այդ այցը տեղի է ունեցել։ Քանի դեռ պաշտոնական հասատատում չկա, կարող ենք պնդել, որ Ադրբեջանն այցելությունների համաձայնություն չի տալիս»,- նշել է Սիրանուշ Սահակյանը, հավելելով, որ մնացյալ դեպքերում բողոքի հիման վրա իրավունքների պաշտպանություն կարող են իրականացնել դատարանները՝ քվազի դատական մարմինները։ Բայց այս դատարաններն այցելություն կամ տեղում մոնիթորինգ իրականացնող սուբյեկտներ չեն, այլ փաստերի հիման վրա իրավունքների խախտման հարցը լուծող ատյաններ։
«Այս առնչությամբ գործընթացներ կան և դրանք շարունակվելու են, սակայն ամենահրատապ խնդիրն այս պահին վիճակի դիտարկումն է, որը հնարավորություն կտա մեղմել հայ պատանդների կյանքին սպառնացող իրական վտանգները։ Նշեմ նաև, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ միջոցների որոշման համատեքստում պարտավորություն ունի հայ պատանդների առողջական վիճակի, պահման և այլ պայմանների վերաբերյալ տեղեկություն տրամադրել դատարանին։ Ադրբեջանը փորձեց հասնել այս որոշումների վերացմանը, սակայն դատարանը, լսելով հայկական կողմին, մերժեց ադրբեջանական պահանջը, և հայցի ապահովման միջոցները գործում են։ Ադրբեջանը զեկույցներ տրամադրելու պարտավորություն ունի, վերջնաժամկետը հուլիսին է։
Ակնկալում ենք, որ կտրամադրվեն որոշակի տեղեկություններ և սա ևս կօգնի հասկանալ վիճակը։ Բայց, կրկնում եմ, առանց այցելությունների՝ միայն այս տեղեկատվությունը բավարար չէ կյանքին սպառնացող վտանգներից ապահովագրելու համար, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ դրվագներով ներկայացնում է նաև կեղծ փաստաթղթեր։ Անհրաժեշտ է իրական շփման ճանապարհով ճշտել՝ արդյո՞ք ողջ են և ի՞նչ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում են գտնվում հայերը»,- ընդգծել է Սիրանուշ Սահակյանը։