Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը սեպտեմբերից դադարեցնում է իր գործունեությունը։ Հայ գերիների այցելությունները հունիսից արդեն իսկ դադարեցված են։ «Սա միջազգային կառույցների՝ երկրից դուրսբերման և դրանով մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվության սահմանափակման քաղաքականության մաս է, բայց նաև թիրախավորված քայլ է, քանի որ կոնֆլիկտի հետևանքով մարդասիրական ծանր վիճակում հայտնվել են հենց էթնիկ հայերը»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ տեսականորեն հնարավորություն կա, որ Կարմիր խաչը շարունակի իր այցելությունները հայ գերիներին՝ Ադրբեջանում գրասենյակ չունենալու պայմաններում, սակայն դա քիչ հավանական է։ «Եթե Ադրբեջանն իսկապես հարգեր մարդասիրական հարցերը, ապա կերկարաձգեր Կարմիր խաչի գործունեությունը։ Նշեցի, որ հստակ թիրախավորում ենք տեսնում հայերի նկատմամբ, այսինքն` սա նաև հակահայկական քաղաքականության, խտրականության հետևանք է, ուստի նման պայմաններում տրամաբանական չէ և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից չի բխումմարդասիրական հարցերի լուծումը»,- նշում է Սիրանուշ Սահակյանը, ընդգծելով, որ միջազգային այլ կառույցներ ևս կարող են այցելել հայ գերիներին, սակայն միայն Ադրբեջանի թույլտվությամբ, ինչը ևս հավանական տարբերակ չէ։
«Եթե նման կամարտահայտություն, քաղաքական կամք լիներ, ապա կշարունակվեին հարաբերությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը լավագույն մոդելով է իրացնում այդ առաքելությունը։ Եթե համաձայնություն չկա, նշանակում է, որ այդ համաձայնությունը չի լինելու նաև մյուս կազմակերպությունների առնչությամբ»,- փաստում է իրավապաշտպանը։
Սիրանուշ Սահակյանը մատնանշում է մեկ այլ, ուղիղ ճանապարհ, որից Հայաստանը կարող է օգտվել, սակայն չի օգտվում։ Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է տեսակցել իր սահմաններից դուրս անազատության մեջ գտնվող իր քաղաքացիներին։ «Ինձ համար անհասկանալի հանգամանքներում այս իրավունքը չի իրացվում, մինչդեռ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է իր քաղաքացիների հանդեպ։ Դա հյուպատոսական այցելություններ կազմակերպելն է իր քաղաքացիներին։ Միջազգային պրակտիկան և նորմերը կարգավորում են այնպիսի իրավիճակներ, երբ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով այս իրավունքը իրացվում է միջնորդավորված կերպով` երրորդ, չեզոք երկրների օգնությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ունի Վիեննայի կոնվենցիաներով երաշխավորված իրավունք` անարգել տեսակցել իր քաղաքացիներին, որոնք անազատության մեջ են իր սահմաններից դուրս, իսկ Բաքվում պահվող հայերը ՀՀ քաղաքացիներ են»,- նշում է Սահակյանը, մեկնաբանելով, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Հայաստանը կարող է պատվիրակել իր իրավունքն, օրինակ, Շվեյցարիային, և Շվեյցարիայի համապատասխան հյուպատոսական բաժնի աշխատակիցը ՀՀ անունից կարող է մուտք գործել Բաքու, տեսակցել Հայաստանի քաղաքացիներին, տրամադրել հյուպատոսական աջակցություն։ «Օրինակ` Բաքվում ապօրինիա պահվող հայերը կարող են իրավաբանական ծառայության կամ առողջական խնդիրներ ունենալ։ Այցելության շրջանակում հյուպատոսական բաժնի աշխատակիցը հետաքրքրվում է` ո՞ղջ են, սպանվա՞ծ են, ի՞նչ վիճակում են, դիտարկում է, և այս իրավունքի իրացման միջոցով մեծացնում անձանց պաշտպանվածությունը, որպեսզի նրանք չհայտնվեն անպաշտպան, խոցելի վի֊ճակում, անորոշությունների և անհայտության մեջ»։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի իրացնում իր այդ իրավունքը, արդյո՞ք քաղաքական անգործություն է, թե՞ դիվանագիտական փակուղի, Սիրանուշ Սահակյանը պատասխանում է․ «Փակուղու մասին կարող ենք խոսել, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը դիմեր այն պետություններին, որոնք նախկինում հայ-ադրբեջանական հարաբերություններից լարված հարաբերություններում գտնվող այլ պետություններում կարողացել են այդ միջնորդական դերն ունենալ, այս պետությունները չհամաձայնեին, գործընթացը ձախողվեր, որից հետո Հայաստանի իշխանությունները թափանցիկ կերպով ասեին, որ մենք մեզնից կախվածն արել ենք, սրանով ազդակ ենք հղել, որ մեր քաղաքացիների իրավունքները մեզ հետաքրքրում են, պարզապես դիվանագիտական փակուղու արդյունքում չի հայտնաբերվել որևէ երրորդ երկիր, որը ցանկանում է Հայաստանի փոխարեն այդ իրավունքն իրացնել, կամ՝ երկիրը հայտնաբերվել է, բայց Ադրբեջանն է խոչընդոտում։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստա՛նը չի դիմում»։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», ինչպես նաև այլ հասարակական կազմակերպություններ, դիմել են Շվեյցարիայի իշխանություններին, վերջիններս հաստատել են իրենց պատրաստակամությունը` դերակատարում ունենալ այս հարցում, հստակ մատնանշելով, որ գործընթացի մեկնարկի նախապայմանը Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես իրենց դիմելն է։
Սահակյանի խոսքով՝ 3 ամիս առաջ դիմել են ՀՀ ԱԳՆ-ին եւ ստացել պատասխան, որ հարցը քննարկվում է։ «Քննարկում են, որպեսզի կողմնորոշվեն` արդյո՞ք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացուն պետք է բացարձակ մեկուսացվածության մեջ թողնի այնպիսի երկրում, որտեղ կա խտրական քաղաքականություն և որի առնչությամբ կա ՄԱԿ-ի դատարանի միջազգային օրդեր, և 3 ամիսը բավարար չէ այդ հարցին պատասխան տալու համար»։
Ադրբեջանում խոշտանգումները, իրավունքների այլ սահմանափակումները, կամայական ազատազրկումները առավել ցայտուն դրսեւորվում են հայերի պարագայում։ Սահակյանի խոսքով՝ 23 պատանդները հայտնվել են արդեն իսկ բացարձակ մեկուսացման մեջ։ «Նախկինում նրանք ևս ունեին մեկուսացվածության աստիճան, քանի որ Կարմիր խաչից զատ այլ ատյաններ զրկված էին տեսակցելու, վիճակը դիտարկելու, հրապարակային տեղեկություններ տրամադրելու հնարավորությունից, ինչպես նաև արգելված էր անկախ փաստաբանների մուտքը։ Ընտանիքի անդամների այցելություններ երբևէ չեն եղել, և ստացվում է, որ դիտարկման միջոցով ստուգելի տեղեկություններ կարող էին հավաքագրել միայն Կարմիր խաչը, ինչպես նաև ադրբեջանցիները, որոնք, սակայն, կողմնակալ են և, ըստ էության, հանրային իշխանությունների գործելակերպի տրամաբանությամբ են մոտենում իրավունքների պաշտպանությանը»,- ասել է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ թեև Կարմիր խաչն ուներ սահմանափակ մանդատ և արձանագրված խնդիրները կոմունիկացնում էր միայն Ադրբեջանի իշխանությունների հետ ու հրապարակային չէր քննադատում, այնուամենայնիվ, գոնե հավաքագրում և իր խողովակներով արձանագրում էր օբյեկտիվ իրականությունը։
«Այս անձինք կարող են խոշտանգվել, ինչը կհանգեցնի արտակարգ զարգացումների, և արձանագրված նման դեպքեր կան։ Չմոռանանք, որ ունենք բռնի անհետացած առնվազն 80 գերի և չենք բացառում, որ բռնի անհետացումն արդյունք է դաժան խոշտանգումների, որն ունեցել է անկառավարելի ելքեր»,- ասում է Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ Ադրբեջանը հաջողությամբ թաքցնում է նաև բռնի անհետացած անձանց նկատմամբ կատարած իր հանցագործությունները, քանի որ հնարավոր չէ բացահայտել խոշտանգման վայրերը և խոշտանգված անձանց՝ հասանելիություն չունենալու պատճառով։
Սահակյանը նշում է, որ 10 օր առաջ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեն այցելել է հայ գերիներին։ Այդ մասին կոմիտեն հայտարարություն է տարածել, նշելով, որ գնացել են, խոսել, դիտարկել պայմանները, դրանով ցուցադրելով, որ, ճիշտ է՝ Կարմիր խաչը չի այցելում, բայց այցելության պակաս չկա, քանի որ այլ կառույց է մուտք գործում՝ լուծելով նույն խնդիրները, ինչ Կարմիր խաչը։ «Այսինքն` երբ մենք ասում ենք, որ բացակայում է որևէ մեխանիզմ, որը դիտարկում կիրականացնի, նրանք իմիտացնում են, որ այդ մեխանիզմը կա և այցելություն է իրականացրել՝ միտումնավոր լռելով այն հանգամանքի մասին, որ նման մանդատ իրականացնող կառույցները պետք է անկախ լինեն։ Իսկ Ադրբեջանում անկախ ինստիտուտ գոյություն չունի, հատկապես խոշտանգումների դեմ պայքարի մասով, որովհետև եթե այդ ինստիտուտը գոյություն ունենար, Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների առնչությամբ համակարգված խոշտանգումների պրակտիկա չէր ունենա»,- նշում է իրավապաշտպանը։