Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը NEWS.am–ի հետ զրույցում, խոսելով ՀՀ իշխանությունների մասին, ասաց. «Այսօրվա իշխանությունները երկու կարևոր բաց ունեն, որ նման պայմաններում խոշոր, մեծ ողբերգությունից, պատերազմից հետո չեն փորձում միավորել մեր հասարակությանը և իր համար շատ ավելի ընդունելի է հանրային այս բաժանարար գծերը, սև-սպիտակները, նախկինները, ներկաները, որի պայմաններում անհնարին է նույնիսկ լավ բանը ներկայացնել ժողովրդին։ Այս չհավատալու իրողությունը հենց դրանից է գալիս։ Եվ երկրորդը այն անվստահության մեծ պատը, որ կա այսօրվա իշխանությունների որոշումների, նրանց կողմից ներկայացված հարցերի նկատմամբ։ Մենք այս վեց-յոթ տարիներին բազմաթիվ անգամ համոզվել ենք, որ իշխանության ասածն ու արածը որևէ կերպ իրար չի բռնում։
Այն իշխանությունը, որը մինչև 2020 թվականի սեպտեմբերը իրար գլուխ էր պատռում Արցախ գալու, Արցախի անկախության տոնը նշելու համար, այսօր խոսում է Արցախի անկախության տոն չլինելու մասին։ Տպավորություն է, որ մեզ փորձում են համոզել, որ այդ նախորդ տարիների կյանքը մեզ հետ չի եղել։
Շատ կասկածելի է նաև այն դրվագը, որ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել, որ չկա այդպիսի հանդիպում, որ գերիների մասին չխոսվի, պարզապես այդ թեման շատ նուրբ է և դրա մասին պետք չի խոսել մինչև կոնկրետ արդյունք ունենալը։ Այդ բացատրության մեջ ռացիոնալ հատիկներ կան, բայց ես վստահ եմ, որ չի արվում այն, ինչ պետք է արվի, չի արվում այն մասշտաբով, որը պետք է արվի։ Բոլոր այն մարդիկ, որ այսօր Բաքվի բանտերում են, և մեր ռազմագերիները, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որ այսօր շինծու դատավարության առաջ են կանգնած, նրանք արժանի են, որպեսզի օր առաջ վերադառնան իրենց ընտանիքներին»,– ընդգծեց Աշոտ Ղուլյանը։