ԱՄՆ միջամտությունը կարող է հանգեցնել հայ գերիների ազատ արձակման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։ Սակայն ստորագրված փաստաթղթում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է գերիների վերադարձին։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը  Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու մասին տեղեկությունները։

«Փաստաթուղթն անդրադարձ ունի մի շարք հարցերի, որոնցից մեկը կրում է մարդասիրական բնույթ․ անհետ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումը։ Փաստաթղթում նաև նշվում է ընթացող դատավարությունների, դատական գործընթացներից հրաժարվելու կողմերի մտադրության, ատելության խոսքի, խտրական դրսևորումների մասին, բայց որևէ նորմ բացահայտ կամ անուղղակի չի առնչվում գերիների ազատ արձակման խնդրին։ Այսինքն՝ կողմերը քաղաքական կամ իրավական հանձնառություններ չեն ստանձնել գերիների վերադարձի առնչությամբ»,– ասել Սահակյանը՝ չբացառելով, որ թեման միգուցե քննարկվել է փակ դռների հետևում։ Իրավապաշտպանի կարծիքով` Թրամփի հայտարարությունները կարող են վկայել, որ գերիների ազատ արձակման հարցը դիտարկվում է որպես հնարավոր զիջում՝ խաղաղության փաստաթղթի ստորագրման համատեքստում։ Իրավապաշտպանը նկատել է, որ ի սկզբանե պարզ էր, որ գերիները դարձել են պատանդներ և նրանց նպատակային պահում են ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ խաղաղության շուրջ Ադրբեջանին ընդունելի պայմաններով փաստաթուղթ ստորագրվի։

«Փաստաթղթի ստորագրման առումով առաջընթաց կա, ուստի դրական տեղաշարժեր են նկատվում նաև ազատ արձակման գործընթացում։ Թրամփն իր անձնական ներգրավվածությունն է ցուցաբերում, առնվազն նման պատրաստակամություն է հայտնում։ Հաշվի առնելով նրա հեղինակությունն ու ազդեցությունը տարածքաշրջանում` իրատեսական ենք համարում անձնական ներգրավվածության պարագայում այս անձանց ազատ արձակումը։ Իհարկե, հանրությանը դա ներկայացվելու է որպես Ալիևի մարդասիրական ժեստ` ի նշան Թրամփի հետ բարեկամական հարաբերությունների։ Պատահական չէ, որ Թրամփն ընդգծում է գերիների քրիստոնյա լինելը, քանի որ նա յուրօրինակ հանձնառություն ունի աշխարհի տարբեր վայրերում ապօրինաբար պահվող քրիստոնյաների ազատ արձակման հարցում»,– մանրամասնեց Սահակյանը։

Ինչ վերաբերում է հնչեցված՝ 23 թվին, Սիրանուշ Սահակյանը նշում է, որ խոսքը Բաքվում ապօրինաբար պահվող և պաշտոնապես հաստատված 23 հայերի մասին է։ «Այս 23 անձանց թվում են ինչպես Արցախի նախկին և ներկա ղեկավարության 8 անդամները, այնպես էլ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ, որոնք գերեվարվել են 2020-ի պատերազմի ընթացքում կամ դրանից հետո։ Մասնավորապես` 8–ը գերեվարվել են 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ»,-մանրամասնում է Սահակյանը։

Փաստաբանի խոսքով` գոյություն ունի նաև մեկ այլ, անհայտ կորածների ցուցակ, որը թվով շատ ավելի մեծ է, սակայն այդ ցուցակում նույնպես կա 23 անձ, որոնք անհետացել են 2023-ի սեպտեմբերյան հարձակման և սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով։ «Այս թվերի համընկնումն արհեստականորեն խառնեց երկու տարբեր ցուցակները, ինչն էլ թյուր կարծիք ստեղծեց, թե Թրամփի ասած 23 անձանց և հաստատված գերիների ցուցակը նույնը չեն»,– եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։