Երևանի և Բաքվի կողմից համաժամանակյա հանրայնացված «խաղաղության համաձայնագրի» տեքստում գերիների մասին որևէ խոսք չկա: Միայն մեկ հոդվածով կողմերը պարտավորություն են ստանձնում լուծումներ գտնել անհետ կորածների խնդրին. «կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»։
«Թրամփը կխնդրի Ալիևին ազատ արձակել հայ գերիներին»․ համացանցում տարածված տեսանյութում հնչած հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ դեռևս չկան։ Ավելի ուշ սոցիալական հարթակներում սկսեցին շրջանառվել հայ գերիների տարբեր անվանացանկեր, որոնք, սակայն, ինչպես պարզվեց՝ վերցվել էին Թրամփի շրջանակից ավետարանական հովիվ Ջոել Թենիի բաց նամակներից։
Ինչո՞ւ գերիների վերադարձի հարցը չդարձավ նախաստորագրված համաձայնագրի մաս, և ինչո՞ւ կողմերը բավարարվեցին միայն անհետ կորածների դրվագով: Այս հարցերը շարունակում են քննարկումների առարկա մնալ։ 168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը նշեց, որ պատճառներից մեկն այն է, որ դա ձեռնտու չէր Ադրբեջանին: «Չմոռանանք, որ եթե անհետ կորածների խնդիրն ունի երկկողմանի բնույթ և վերաբերում է հակամարտության բոլոր մասնակիցներին, ապա գերիների վերադարձի խնդիրն առնչվում է բացառապես էթնիկ հայերին: Այս պահին Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, ուստի երկկողմանի մոտեցումը չէր բխում ադրբեջանական շահերից, ու, թերևս, հենց ադրբեջանական կողմն է առարկել համանման դրույթի ամրագրմանը։ Մյուս կողմից՝ գերիները վերածվել են պատանդների, ինչը նշանակում է, որ նրանց գործոնն օգտագործվում է քաղաքականության մեջ՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով խաղաղություն կորզելու նպատակով»։
Իրավապաշտպանը կարծում է, որ ազատ արձակումը կարող է տեղի ունենալ վերջնական փուլում, երբ արդեն իսկ խաղաղության հաստատման վերաբերյալ ադրբեջանական մոտեցումները կյանքի կոչվեն: «Դա ներկայացվելու է որպես մարդասիրական ժեստ՝ ազդեցիկ որևէ պետության ներգրավվածությամբ, և Ալիևն այդ ճանապարհով լավություն է անելու, կամ որոշակի առումով բարձրացնելու է ներգրավված կողմի հեղինակությունը։ Այդ կողմի ներգրավվածությամբ կնքվող համաձայնագիրը, մեծ հաշվով, պաշտպանում է ադրբեջանական շահերը տարածաշրջանում, և դրա փոխարեն լուծվելու է միայն հայ պատանդների ազատ արձակման խնդիրը»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով գերիների մասին Թրամփ-Փաշինյան կարճատև զրույցի դրվագին, Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ դա հանպատրաստից կատարված արտահայտություն չէր: Իրավապաշտպանը վստահ է, որ դրան նախորդել են փակ քննարկումներ։ Ամեն դեպքում, ըստ նրա, խոսքը վերաբերում է պաշտոնապես հաստատված 23 գերիներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ղեկավարությանը։
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այն անձանց, որոնց գերեվարումն ադրբեջանական կողմը չի ընդունում: Այս հարցի պատասխանը, իրավապաշտպանի խոսքով, բազմափուլ գործընթացից է կախված։
«Նրանց առնչությամբ կատարվող միջոցառումների բնույթն էապես տարբեր է․ եթե հաստատված գերիների պարագայում մենք խոսում ենք ազատ արձակման պարտավորության մասին, ապա անհետ կորածների, բռնի անհետացածների մասով նախ պետք է պարզել ճակատագրերը, հասկանալ նրանց որպիսությունը, որից հետո անդրադառնալ հնարավոր ազատ արձակման հարցին»,- պարզաբանեց Սահակյանը։
Հիշեցնենք՝ Սիրանուշ Սահակյանը տարբեր առիթներով ահազանգել է, որ Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 23 հայ։