Հայաստանը որևէ ջանք չի գործադրում Բաքվում պահվող հայերին տեսակցություն ապահովելու համար. իրավապաշտպան

Հայաստանն այս պահին որևէ ջանք չի գործադրում Բաքվում պահվող իր քաղաքացիներին տեսակցություն ապահովելու համար, ասում է իրավապաշտպան, Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը Բաքվում պահվող հայ գերիներին ու պատանդներին այցելող միջազգային միակ կառույցն էր, Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ից փակեց իր գրասենյակն այդ երկրում։ ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում գործում է 1992-ից։

Դեռ այս տարվա ապրիլին Սիրանուշ Սահակյանի ղեկավարած կազմակերպությունը և «Արցախի ժողովուրդների շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպությունը դիմել էին Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բաքվի հայ գերիների պաշտպանության հյուպատոսական իրավունքը պատվիրակելու Շվեյցարիային՝ որպես երրորդ երկրի։

«Արտաքին գործերի նախարարությունը մեզ հայտնեց, որ այս հարցը քննարկում են, սակայն առ այսօր որևէ դրական հայտարարություն չի եղել այն մասին, որ նման խնդրանքով դիմում ներկայացվել է Շվեյցարիային կամ որևէ այլ չեզոք երկրի»,- ասաց Սահակյանը։ Նրա խոսքով՝ այդ քայլերը Հայաստանի կառավարության տիրույթում են, սակայն դրանք չեն իրականացվում։ «Հայաստանը այս պահին որևէ ջանք չի գործադրում Բաքվում գտնվող իր քաղաքացիների տեսակցություն ապահովելու համար»,- նշեց նա։

Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին 1963-ի կոնվենցիայի համաձայն՝ երբ որևէ պետություն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կոնկրետ երկրում՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը համաձայնությամբ կարող է վստահել երրորդ պետության։ Սա կարևոր միջոց է այն դեպքերում, երբ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Հյուպատոսական իրավունքի այս դրույթի կիրառման հայտնի օրինակներից է ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների պաշտպանության պատվիրակումը Շվեյցարիային 1979-ին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, երբ ԱՄՆ-ն խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, որը ձերբակալել էր 52 ամերիկացի դիվանագետների։

Սահակյանը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երրորդ երկրին հյուպատոսական իրավունքը պատվիրակելու մեխանիզմը բացառապես կառավարության իրավասությունն է։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել ԱԳՆ-ին՝ տեղեկանալու, թե արդյոք Հայաստանի կողմից այս հարցով դիմում եղել է երրորդ երկրի։

Հարցին, թե հնարավո՞ր արդյոք, որ Հայաստանը չի դիմում Շվեյցարիային, որպեսզի չսրի իրավիճակը, Սահակյանը դրական պատասխան տվեց։ «Դա շատ տրամաբանական հետևություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը չի ցանկանում ազատ արձակել հայ պատանդներին, քանի որ դա քաղաքական լծակ է, որը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնականորեն չի ստորագրվել և ուժի մեջ չի մտել իրեն ցանկալի դրույթներով։

Սահակյանի խոսքով՝ մինչ այդ նրանք պետք է մեկուսացնեն միջազգային հանրությանը, որ չխոսեն հայ պատանդների իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչը միջազգային ճնշում գեներացնող գործոն է։ «Այս հանգամանքներում Հայաստանի ցանկացած գործընթաց կվնասի ադրբեջանական շահերին։ Կարծում եմ՝ լռելյայն համաձայնություն կա՝ չլարել հարաբերությունները»,- ասաց իրավապաշտպանը։

Որքանո՞վ են Կարմիր խաչի այցելությունները հնարավոր հայ պատանդներին նաև Ադրբեջանում կազմակերպության գրասենյակի փակումից հետո։ Սահակյանն ասում է, որ գրասենյակ չունենալն ինքնին խոչընդոտ չէ Կարմիր խաչի մարդասիրական մանդատը հարգելու համար, և կան իրավիճակներ, որ պետությունը մարդասիրությունից ելնելով՝ թույլատրում է այդ աջակցությունը հարևան երկրներում տեղակայված կառույցի ներկայացուցիչների կողմից կամ նույն՝ Կարմիր խաչի կենտրոնական՝ Ժնևի գրասենյակի կողմից։

«Իմ գնահատմամբ՝ բանակցվում են հենց այս տարբերակները, որ գրասենյակի փակման պարագայում Ադրբեջանը գոնե թույլատրի՝ ԿԽՄԿ Ժնևի գրասենյակի աշխատակիցները տեսակցեն հայերին և մարդասիրական օգնություն ցուցաբերեն»,- ասաց նա։

«Այդ մարդասիրական օգնության դրսևորումներից մեկը նաև հանձնունքներն են, որոնք պարզ կենցաղային իրեր են՝ հիգիենայի պարագաներ, սնունդ և այլն։ Դրանք անմարդկային պայմանները մի փոքր մեղմում են։ Բայց հասկանալի է, որ մեծ անորոշություն կա, թե արդյոք Ադրբեջանը կհամաձայնի, թե ոչ»,- նշեց նա։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Աննա Եգանյան | ՍիվիլՆեթ