Գերիների վերադարձը չի դադարում լինել մեր առաջնահերթությունը․ Միրզոյան

Երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին և դրանից բխող մի շարք այլ հարցերի։

Մասնավորապես Միրզոյանը նշել է, որ «բոլոր անհրաժեշտ երաշխիքները, մեզ համար կարևոր սկզբունքները, որոնք բխում են երկու երկրների շահերից, արձանագրված են այս տեքստում (Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիր)»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անցակետին՝ Միրզոյանը վստահեցրել է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացումը, պետք է լինի սահմանազատում, կառուցվի սահմանային անցակետ, համապատասխան մաքսային ծառայություններ, այն ամենը, ինչ գրված է փաստաթղթում։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև գերիների հարցին։ «Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումը ավելի հեշտ է դառնում։ Գերիների վերադարձը չի դադարում լինել մեր առաջնահերթությունը»,- ընդգծել է Միրզոյանը։

Իսկ Սահմանադրության փոփոխման Ադրբեջանի պարտադրանքի վերաբերյալ Միրզոյանը շեշտել է՝ Վաշինգտոնում սահմանադրության մասին ոչինչ չի քննարկվել, և մենք որևէ երրորդ կողմի առջև մեր սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք։